ՀՊՏՀ ԳՄ-ի ուսանողը՝ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԻԱՅԻ ՀԱՂԹՈՂՆ է

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփվեցին Ռուսաց լեզվի 7-րդ հանրապետական ուսանողական օլիմպիադայի արդյունքները:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Բարսեղյանը ողջունեց մասնակիցներին՝ ասելով. «Սիրելի՛ գործընկերներ և ուսանողներ, բարի գալուստ մեր համալսարան, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ հաջողությունների համար և ցանկանում նորանոր ձեռքբերումներ ոչ միայն ռուսաց լեզվի, այլ նաև մասնագիտական ոլորտում»:

Այս տարի օլիմպիադային մասնակցել են ՀՀ 16 պետական բուհեր՝ ներկայացնելով 90 աշխատանք, որի արդյունքում հատուկ մրցանակի են արժանացել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Գավառի պետական համալսարանների և Տուրիզմի հայկական ինստիտուտի (Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղ) թիմերը: Անհատական աշխատանքներում հաղթող է ճանաչվել 12 ուսանող, և 7 ուսանող արժանացել է հատուկ մրցանակի:

Օլիմպիադայի կազմակերպիչներն էին Երևանում Ռուսական տունը, Հայաստանում ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների ասոցիացիան և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Օլիմպիադիան անցկացվում է ամեն տարի և նպատակ ունի ուսանողության շրջանում խթանելու ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն ու իմացությունը, ինչը հնարավորություն կտա վերջիններիս առավել հաճախ օգտվելու ռուսական հարուստ ու բազմածավալ գրականությունից:

Օլիմպիադայի մասնակիցներն արժանացան դիպլոմների, հավաստագրերի և նվերների:

Նորություններ