2020-ը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում՝ միայն ձեռքբերումների մասին

Ապագայի հույսով ու հայրենիքը շենացնելու պատրաստակամությամբ

 

2020-ը՝ կրկնվող թվերի տարին, խոստանում էր լինել միայն բարձունքների նվաճման ժամանակաշրջան, բայց դարձավ մարտահրավերների ու մեր մեջ աներևակայելի ուժ գտնելու տարի: Անցնող բարդ ու դժվարին տարին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի համար ամփոփել ենք մասնաճյուղի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի վերլուծությամբ: Մեր խնդրանքով նա անդրադառնում է այն հիմնական հանգրվաններին, որոնց միագումարն ամբողջացնում է բուհական ձեռքբերումները մեկի առանձին վերցրած միջավայրում, որտեղ առաջնորդողը կրթության ու գիտության հանդեպ մեծ մղումն է, համամարդկային վեհ արժեքները, փոխըմբռնումն ու փոխօգնությունը:

2020 թվականը բավականին մեծ շուքով ու բոլորս միասին դիմավորեցինք՝ վառելով մասնաճյուղի ամանորյա լույսերը: Նույն ոգևորությամբ ու լավատեսությամբ էլ սկսեցինք աշխատանքը նոր տարում: Առաջին երկու ամիսների ընթացքում ոչ միայն մեր պլանավորած աշխատանքները կատարեցինք, այլև արդյունավետ համագործակցություն սկսեցինք մայր բուհի ու «Ազգային բժշկական պալատի» հետ` կազմակերպելով շարունակական կրթության դասընթացներ մարզի բուժաշխատողների հետ: Իսկապես համոզվեցինք, որ դա անհրաժեշտություն էր ոլորտի համար, քանի որ մասնակիցների քանակը նախատեսվածից ավելին էր, ու հարկադրված եղանք 2 խումբ բացել: Մեզ համար կարևոր և առաջնային է ամբողջ մարզի կրթական միջավայրի բարելավման գործում ներդրում ունենալը:

Մասնաճյուղը միայն բուժաշխատողների համար նախատեսված «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացներով չի բավարարվել: Ուշադրության կենտրոնում են եղել նաև դպրոցականները: Այսպես. ապագա համալսարանականների համար կազմակերպվեց  «1 օր ՀՊՏՀ ԳՄում» ծրագիրը, որը գործունեության մեկուկես ամիսների ընթացքում հյուրընկալեց ավելի քան 120 ավագ դասարանցիների, ովքեր ծանոթացան ուսանողական առօրյային ու մասնակցեցին անվճար կարճ դասընթացների:

Մեզ համար նշանակալի էր նաև «Խելացի զբոսայգու» գաղափարի շուրջ համախմբվելը և գործնական քայլերի նախաձեռնումը: Զբոսայգին միայն մեր ուսանողների համար չէ նախատեսված, այլ քաղաքում, ինչու ոչ նաև ամբողջ երկրում  ուսանողական ու կրթական նոր միջավայր ստեղծելու փորձ է: Այգում ունենալու ենք ստարտափ ակադեմիա, որպեսզի ուսանողները կարողանան գործարարության փորձարկումներ կատարել և նոր գաղափարներ զարգացնել: Որոշել ենք ստեղծել նաև խելացի զրուցարաններ, որոնք հագեցված կլինեն համացանցային կապով, QR գրադարանով: Բաց լսարան ենք նախատեսել՝ մեծ  էկրանով ու համացանցի հնարավորություններով, լուսավորությունն էլ պետք է լինի հետաքրքիր ծրագրային լուծումներով: Այսինքն, բազմաբովանդակ տարածք, ուր տարբեր բուհերից կգան երիտասարդները, ուսանողները, կապահովվի նրանց ժամանցն ու շփումը, և սա կհամադրվի մասնագիտական գործունեության հետ: Այգու գաղափարը բուռն արձագանք է գտել ու չնայած ծագած դժվարություններին՝ արտակարգ իրավիճակին ու ռազմական դրությանը, այգու ստեղծումը դեռ օրակարգում է, քանի որ ուժեղ պետության հիմքում գիտելիքի վրա հիմնված պետական ինստիտուտներն են և դրանց ստեղծմանը միտված մեր հավաքական ջանքերը:

Կրթության ուժի հանդեպ հավատն է, որի շնորհիվ արտակարգ իրավիճակի պայմաններում մասնաճյուղի թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը, թե՛ ուսանողները կարողացան ոչ միայն փոփոխությունների կրողները դառնալ, այլև հանդես գալ տարբեր ձեռնարկներով` մասնագիտական վեբինարներ ու սոցիալական փոխաջակցության ծրագրեր: Դրանց մի մասը նպատակաուղղված է ուսանողների հետազոտական գործունեությանը նպաստելուն:

 Արտակարգ դրության ընթացքում ամփոփվեց 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, նախորդ տարվա համեմատ, առաջադիմության ամենաբարձր շարժընթաց գրանցած ուսանողների մրցույթը: Հաղթող ճանաչված 2 ուսանողները բուհի կողմից ստացան վարձավճարի 30% զեղչ: Նմանօրինակ զեղչային ծրագրերը միտում ունեն աջակցելու ուսանողներին ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև լրացուցիչ խթանելու ուսումնական գործընթացում մեծ ջանքեր ներդնելու մղումն ու ցանկությունը: Մեր կողմից կարևորվում է ուսանողների ու դասախոսների համագործակցությունը գիտահետազոտական ոլորտում, դրա լավագույն օրինակներից էր «Հայկական կարիտաս» ԲՀԿի հետ իրականացված  հետազոտական աշխատանքների մրցույթը, որի շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքների 17 ուսանողների հետ դասախոսներն աշխատեցին Շիրակի մարզի զարգացման ու հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Արդյունքում ոչ միայն բարելավվեցին ուսանողների հետազոտական հմտությունները, այլ նաև ստացան գումարներն ուղղվեցին ուսանողների վարձավճարների փոխհատուցմանը:

Արտակարգ դրությունը նաև չխանգարեց ընդունելության գործընթացին: Բուհը, նախորդ տարիների համեմատ, դիմորդների 53% աճ գրանցեց, ու դա պայմանավորված էր, ոչ միայն քննությունների կրճատմամբ, այլ նաև բուհի հանդեպ վստահության աճով: Մասնաճյուղը բացարձակ առաջատարն էր մարզում տնտեսագիտական մասնագիտութունների ու մեդալակիր դիմորդների քանակով: Արդյունքում նոր ուսումնական տարին մասնաճյուղն սկսեց «1,5 մետր հեռավորությամբ», դիմակավորված, բայց ստեղծարար մոտեցումներով և իրեն հատուկ շքեղությամբ:

Նոր ուսումնական տարին տակավին լիիրավ հուն չմտած՝ սեպտեմբերի 27-ին տարածվեց սահմանին տիրող իրավիճակի մասին լուրը: Բուհի ուսանողներն ու աշխատակիցները շատ արագ ինքնակազմակերպվեցին՝ մասնակից դառնալով առաջին օգնության դասընթացների ու կամավորական աշխատանքների, իրականացնելով պարենային ու ֆինանսական աջակցություն սահմանին

Ցավոք, մենք ունեցանք կորուստ. կառավարում մասնագիտության հեռակա 1-ին կուրսի ուսանող Պավել Մանուկյանը զոհվեց հանուն հայրենիքի, կամավորագրված ու զորահավաքով առաջնագծում գտնվող ուսանողներից շատերը դեռ չեն վերադարձել

Այս դժվարին տարին մեզ ստիպեց ապագային, մեր որոշումներին ու կրթության համակարգին այլ աչքերով նայել: 2021-ը ոչ թե շնորհավորանքով, այլ յուրաքանչյուրս ավելի լավը դառնալու ու հայրենիքը զարգացնելու պատրաստակամությամբ պետք  է սկսենք

Ցանկանում եմ, որ 2021-ը լինի իրապես խաղաղության, ուժի՝ կամքի ուժի տարի ու այն ամրապնդվի կրթության ու գիտության վրա հիմնված ամուր ու միասնական թիկունքի աշխատանքով

Մանրամասները՝ հղումով։

Նորություններ