1 օր ՀՊՏՀ ԳՄ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ, որի շրջանակներում մարզի աշակերտները հնարավորություն ունեն մեկ օր հայտնվել ուսանողի կարգավիճակում, հասկանալ ուսանողական կյանքը, ընկալել բուհի միջավայրը:

Ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարի, ուսանողական շաբաթվա շրջանակներում հյուրընկալեցինք Գյումրու 18-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներին:

Շատ կարճ ժամանակահատվածում ծրագիրը բավականին հետաքրքրություն է առաջացրել դպրոցների շրջանում: Անցող շաբաթվա ընթացքում (փետրվարի 17-21-ը)  բուհում հյուրընկալվեցին  4 դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանի մոտ 68 աշակերտներ:

Աշակերտներին նախ դահլիճում դիմավորեց  ՀՊՏՀ ԳՄ տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, ով հետաքրքիր զրույց  ունեցավ  աշակերտների մասնագիտական կողմնորոշման, սիրելի մասնագիտությամբ աշխատելու վերաբերյալ: Այնուհետև բուհի  հանրային կապերի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը ներկայացրեց վերջին տարիների ձեռքբերումներն ու այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են աշակերտին ընդունվելով ՀՊՏՀ ԳՄ, որից հետո սկսվեց  աշակերտների շրջայցը բուհում:

Առաջին կանգառը գրադարանում էր, որտեղ աշակերտները  ծանոթացան տեղի  գրականությանը:

Շարունակելով շրջայցը աշակերտները հյուրընկալվեցին   ֆինանսատնտեսական բաժնում, որտեղ Արմենուհի Մինասյանը՝ աշակերտներին գործնականում ցույց տվեց , թե ինչպես են աշխատակիցներին ընդունում աշխատանքի, գրանցում տվյալներն ու  թե ինչպես է հաշվարկվում աշխատավարձը:

Հաջորդ կանգառն ուսանողական խորհրդում է, որտեղ աշակերտները ջերմ միջավայրում զրույց ունեցան  ուսանողական կյանքի վախերի ու հետաքրքիր օրերի մասին:

Բուհը ինչ կառույցների հետ է համագործակցում, ինչպես է հնարավոր կրթությունը շարունակել արտերկրում՝ դառնալով ՀՊՏՀ ԳՄ ուսանող, այս ամենի մասին աշակերտներին տեղեկություններ տվեցին ՀՊՏՀ ԳՄ գիտական քարտուղար-տնօրենի օգնական Արփինե Սարգսյանն ու ԶԾԳՈԱԱԿ բաժնի արտաքին կապերի մասնագետ Լուսինե Ասատրյանը:

Տեղեկատվական հանդիպումից հետո  աշակերտներն արդեն լիիրավ մտան ուսանողի դերի մեջ, դեկանատում ծանոթացան ուսանողի իրավունքներին ու պարտականություններին, որից հետո մասնակցեցին  ամբիոնի կողմից կազմակերպված կարճ դասընթացին: Որոշումների ընդունում ու կառավարում, տարբեր օրերի այս ամենի վերաբերյալ հետաքրքրիր դասընթացներ ունեցան ՀՊՏՀ ԳՄ դասախոսներ Հասմիկ Հակոբյանն ու Հայկարամ Դրմեյանը:

 

Շրջայցն ավարտվեց  նոր ուսանողական ժամանցի կենտրոնում՝ «Օզոնում», որտեղ աշակերտներին ՀՊՏՀ ԳՄ  2-րդ կուրսի ուսանող Հակոբ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչպես է հնարավոր արդեն երկրորդ կուրսում ստեղծել բիզնես-քեյս ու հնարավորությունների գոտիներ ստեղծել երիտասարդների համար:

Նորություններ