ՀՊՏՀ ԳՄ կունենա փրկարար ջոկատ

Այսօր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում հյուրընկալվել էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ, ՓԾ փոխգնդապետ Կարեն Եղշատյանն ու ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի  պետ, ՓԾ փոխգնդապետ Լևոն Հովսեփանը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստվում է բոլոր բուհերում փրկարար ջոկատներ կազմավորել, որոնք արտակարգ իրավիճակների ժամանակ  կկարողանան աջակցել փրկարար ծառայություններին, ինչպես նաև հարկ եղած դեպքերում հանդիպելով օգնության կարիք ունեցող քաղաքացիների կկարողանան պրոֆեսիոնալ առաջին օգնություն ցույց տալ։

ՀՊՏՀ ԳՄ տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն ողջունեց փրկարար ջոկատներ կազմավորելու նախաձեռնությունն ու առաջարկեց այն զարգացնել միասին՝ ներառել նաև գործնական դասընթացներ, մրցույթներ, ճամբարներ ու այցեր ԱԻՆ վարչություններ, 911 ծառայություն ու մոտիկից ծանոթանալ փրկարարի աշխատանքին։

 

«Մենք գտնվում ենք սեյսմիկ անկայուն գոտում, պատերազմի վտանգը յուրաքանչյուր վայրկյան մեզ ուղեկցում է և մենք այլընտրանք չունենք, պարտավոր ենք աջակցություն ունենալ նման ձեռնարկներին։ Նախատեսում ենք խմբերում ընդգրկել երկրորդ, երրորդ կուրսեցիներին, առաջին կուրսեցիների համար էլ կարելի է կազմակերպել նախապատրաստական խմբեր, ովքեր կկարողանան հարկ եղած պարագայում առաջին օգնություն ցույց տալ»,- իր խոսքում նշեց Կարեն Պետրոսյանը։

 

 

 

Փոխգնդապետ Կարեն Եղշատյանն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ջոկատներ ստեղծելու նպատակներն ու այն գործողությունները, որոնք սովորելու ու  անելու են ջոկատի անդամները։ Իսկ փոխգնդապետ Լևոն Հովսեփյանն էլ շեշտեց, որ ջոկատներում ընդգրկվելն ուսանողներին հնարավորություն կտա ոչ միայն ինքնազարգանալ, ձեռք բերել նոր հմտություններ, այլ նաև նոր մասնագիտություն։

«Դառնալով փրկարար ջոկատների անդամ, հնարավորություն կա սովորել այն հմտությունները, որոնց տիրապետում են փրկարար ծառայությունների աշխատակիցներն ու ցանկության դեպքում ստանալ փրկարարի որակավորում ու համալրել մեր շարքերը»,- ասաց Լևոն Հովսեփյանը։

Տեղեկատվական հանդիպումներից հետո, շուտով կսկսվեն փրկարար ջոկատների կազմավորման աշխատանքները։

 

 

Նորություններ