ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը.սեմինար-քննարկում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ամբիոնի գործունեության շրջանակում շարունակվում է բաց, ոչ-ֆորմալ սեմինար-քննարկումների շարքը:

Այս անգամ քննարկումը գյուղատնտեսությանն էր վերաբերում ու այն անցկացնում էր ՀՊՏՀ ԳՄ դասախոս Էդուարդ Մանուկյանը: Սեմինար-քննարկմանը ոչ միայն ներկա էին բուհի ուսանողներն ու աշխատակիցները, այլ նաև Շիրակի մարզի մի քանի գյուղերի համայնքապետեր ու վարչական ներկայացուցիչներ: Բացման խոսքում, այս հանգամանքը կարևոր համարեց ՀՊՏՀ ԳՄ տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, քանի որ դասախոսության ընթացքում միահյուսվում են ակադեմիական գիտելիքը, գործնական և անձնական փորձը, ինչը ոլորտի մասին համակողմանիորեն պատկերացում կազմելու առաջին նախապայմանն է:

Քննարկումը սկսվեց նախ խնդիրների բարձրաձայնումով, ինչի պատճառով գյուղատնտեսությունը զարգացում չի ապրում, այնուհետև անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության զարգացման ռազմավարությանը, թե ինչպես է հնարավոր անասնապահությունն ու հողագործությունը զբաղվածությունից վերածել բիզնեսի:

 

Հայաստանում 317 հազար փոքր գյուղացիական տնտեսություններ կան ու մշտապես դժգոհություններ այն հանգամանքից, որ վարելահողերի քանակը երկրում քիչ է ու գյուղատնտեսությամբ զբաղվելն անարդյունավետ է, բայց պարզվում է առկա հողային պաշարների 45,5%-ը նպատակային չի օգտագործվում: Այս խնդիրը լուծելու համար Էդուարդ Մանուկյանը նախ առաջարկում է հողային շուկային ուսումնասիրություն, զարգացում և գյուղատնտեսական գոտիավորում:

Շիրակի մարզում գյուղատնտեսության զարգացման համար խոչընդոտ են հանդիսանում նաև ենթակառուցվածքների հասանելիության պակասը, սուբսիդիավորման ծրագրերի անարդյունավետությունը, գյուղացիական վարկերի բարձր տոկոսադրույքներն և այլն: Այս խնդիրների լուծման համար առաջարկվում է ապահովագրական համակարգի ներդրում, կոոպերատիվների ստեղծում, ինչպես նաև գյուղացիական վարկերի մաքսիմալ 10% -ի սահմանում:

Հայկավանի համայնքապետն էլ առաջարկեց սուբսիդիա տրամադրել միայն առանձին գյուղատնտեսական ճյուղերի, որոնք ռազմավարական են համարվում երկրի համար, ստեղծել մթերակայաններ և որ ամենակարևորն է ապահովել դեպի շուկա մուտքը՝ գյուղացին բերքի իրացման խնդիր ունի, ոչ միայն երկրից դուրս, այլ նաև նրա ներսում:

Ընդհանուր առմամբ հանդիպումն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման ֆորմատով, ինչն արդյունավետ համարեցին ոչ միայն բուհի, այլև համայնքների ներկայացուցիչները:

 

 

Նորություններ