«Աղետի գոտուց զարգացման գոտի… անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» միջազգային գիտաժողովի մամուլի ասուլիս

Այսօր տեղի ունեցավ «Աղետի գոտուց զարգացման գոտի… անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները» միջազգային գիտաժողովի մամուլի ասուլիսը:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը լրագրողներին նախ ներկայացրեց, թե ինչպես է ծագել այս խորագրով ու ֆորմատով գիտաժողով ունենալու գաղափարը և ինչպես այն բավականին լայն գործընկերների շրջանակ ընդգրկեց՝ դառնալով մասնաճյուղի առաջին միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք քննարկում էին, որ աղետից անցել է ավելի քան 30 տարի և մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ, ինչ փոխվեց և ինչպես կարող է գիտական միտքը աջակցել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների ձևակերպմանը և մենք ձեռնամուղ եղանք այս միջազգային գիտաժողովին: Ուզում եմ հստակ ընդգծել գիտաժողովի գործընկերների կազմը՝ Գյումրու գիտության և մշակույթի կենտրոն, Գյումրու քաղաքապետարան, ՇՊՀ, որը կարևորագույն կրթական-գիտական կենտրոն է մեր տարածաշրջանում, ինչպես նաև մենք ակտիվ համագործակցել ենք ռուսական համալսարանների հետ, մասնավորապես Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հետ: 

Կարծում եմ, որ գիտաժողովի նպատակը արդյունքների ամրագրումն ու հետագա կիրառումն է Շիրակի մարզի, ինչու ոչ նաև Հայաստանի համար,-նշեց տնօրենի պաշտոնակատարը:

 

Գիտաժողովի կազմկոմիտեն փաստեց, որ  մասնակցության բարձր ակտիվություն են ունեցել՝ մոտ 60 զեկուցումներ են ներկայացվելու,  ունեն 80-ից ավելի մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Ռուսաստանից, Ուզբեկստանից:

Մասնակիցներից 17-ն ունեն դոկտոր-պրոֆեսորի կոչումներ, 36-ը՝գիտությունների դոցենտի, 18-ը՝ թեկնածուներ են: Հոդվածներ են ներկայացրել նաև  մոտ 10 բուհերի դասախոսներ ու ասպիրանտներ: 23 հոգուց բաղկացած խմբագրական կազմը հնարավորություն է տալիս երիտասարդներիn երեք օր շարունակ լինել գիտական միջավայրում ու ուղղակի սովորել գիտական մեծ ուղի անցած փորձառու մասնակիցներից:

ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման  և արտաքին կապերի բաժնի վարիչ Ղարիբ Հարությունյանն էլ ընդգծեց, որ գիտաժողովը եզակի է լինելու, ոչ միայն իր ֆորմատով, այլ նաև արդյունքներով.

«Գիտաժողովն իր բնույթով եզակի է, նրանով, որ փորձում ենք այսպես կոչված միջդիստիպլինար գիտական զեկույցներ ունենալ, 2 հիմնական ուղղությամբ են աշխատանքները ներկայացվելու՝ առաջինը երկրաբանականն է, իսկ երկրորդը՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներն է, որը ենթաուղղություններ ունի և այստեղ հիմնականում տնտեսագետներն են իրենց զեկույցներով հանդես գալու ու խոսելու են այն բոլոր խնդիրներից, քաղած դասերի մասին, որ ունեցել ենք 30 տարի շարունակ, ինչպես նաև միջազգային փորձն է ներկայացվելու արտասահմանից գործուղված մեր գործընկերների կողմից:»

Գիտաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ Ավետիսյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մենք պետք է սովորենք դասեր քաղել պատմությունից. «Մենք ապրում ենք սեյսմակտիվ գոտում, որտեղ ուժեղ երկրաշարժեր միշտ եղել են ու կլինեն, բայց ցավոք սրտի մենք մոռանում ենք այն հիմնական դասերը, որ տվել է նախորդ երկրաշարժը, այդ տեսանկյունից սեյսակտիվությանն ու բնական աղետների պաշտպանությանն ևս մեկ անգամ անդրադարձը և գիտական անդրադարձը կարևոր է»:

Գյումրու գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի բարձրագույն կրթության և միջազգային կապերի առաջատար մասնագետ Հասմիկ Թաևոսյանն էլ նշեց, թե ինչու է թեման հետաքրքրել իրենց. «Մինչև հիմա, երբ քայլում ենք փողոցում տեսնում ենք այն խնդիրները, որոնք թողել է երկրաշարժը: Հենց գիտաժողովի անվանումն էլ կարևոր է՝«Աղետի գոտուց զարգացման գոտի… անցյալի դասերը և ժամանակի մարտահրավերները», դա նշանակում է, որ մենք պայքարում ենք արդյունքի համար՝ դրական արդյունքի: Մենք գիտենք, որ նմանատիպ գիտաժողովները շատ են, բայց  հոդվածներով ներկայանալու են այնպիսի անձինք, ովքեր գալիս են առաջարկներով, լուծումներով, որոնք կվերածվեն գործնական քայլերի:»

Գիտաժողովի բացմանը ներկա են լինելու ինչպես պետական, այնպես էլ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, կազմկոմիտեն նախատեսում է արդյուքներն ու առաջարկվող լուծումները ներկայացնել իշխանություններին, որպեսզի ապահովեն  գիտություն-տնտեսությունի պետական կառավարման մարմիներ կապը:

Նորություններ