Ելույթներ և շնորհավորանքներ

 

Տնօրենի ողջույնի խոսքը՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ,

Ողջունում ենք Ձեզ  ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում: Եվս մեկ ուսումնական տարի ենք սկսում՝ որակապես նոր ու բարեփոխումներով լի ուսումնական տարի: Տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն մենք մեր մեծ ընտանիք ենք ընդունում մեր առաջին կուրսեցիներին:

Կրթության ոլորտում հաջողելու համար շատ կարևոր է Ձեր լավ մասնագետ դառնալն ու մոտիվացիան դրա համար: Մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ դուք ունենաք որակյալ կրթություն: Երկրորդ և բարձր կուրսի ուսանողներն ավելի հաղորդ են բուհին ու ուսանողական կյանքին ու հուսով ենք նպաստելու են և՛ իրենց կրտսեր ընկերների, և՛ բուհի զարգացմանը:

Կրթության որակից բացի մեր բուհում կարևորվում են արժեքներն ու մարդկային որակները: Եղեք սրտացավ ու նպաստեք այն միջավայրի զարգացմանը, որտեղ լինելու եք գոնե չորս տարի: Մենք սպասում ենք Ձեր ստեղծարար գաղափարներին:

Փոփոխությունների այս փուլում դարձեք զարգացման առաջամարտիկներ:

Հաջողություն և բարի երթ Ձեզ:

Տնօրենի ողջույնի խոսքը՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Եթե փորձեք մեկ բառով բնութագրել աշխարհի բոլոր ուսանողներին, այն միանշանակ կլինի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, որը ոչ ոք չի կարող իրենցից վերցնել, եթե նրանք այն կամովին չհանձնեն։ Ուսանողը ազատություն փնտրում է ամենուր՝ համակուրսեցու, դասախոսի, ղեկավարի, իշխանավորի, և նույնիսկ անցորդի մեջ՝ մոռանալով, որ այն իր մեջ է՝ իր ներաշխարհում և իր արժեհամակարգում, և հենց այս ներաշխարհն արտաքին գործոններով բացահայտելու գործընթացի մեջ է դրսևորվում ուսանողի ամբողջ հմայքը, որ ավելի շատ միտված է մարդ կերտվածքին, քան՝ մասնագետի։ Այս ազատության պայքարում է, որ ծնվում է վաղվա պատասխանատու քաղաքացին ու արհեստավարժ մասնագետը, ազգի նվիրյալ անձն ու Աստծո ընտրյալ զավակը, և չուրախանալ ճշմարտության բացահայտման և դրա արդյունքում ազատության ձգտող այս տեսակով, չսիրել իրենց ու չուրախանալ իրենց ամեն մի քայլով պարզապես անհնար է։ Երբեմն մենք ստիպված ենք ներխուժել իրենց «ազատության» սահմաններից ներս՝ նույնիսկ փոքր-ինչ «ցավ» կամ «տհաճություն» պատճառելով, բայց դա միայն արվում է՝ ընդլայնելու իրենց ազատության շրջանակը, որովհետև այդ ամենը նախկինում կատարվել է մեզ հետ, և որի համար մենք պարտական ենք այն ժամանակ մեզ ուսուցանողներին․ անկեղծության համար ասեմ, որ դա միշտ չէ, որ եղել է մեր սրտով։ Ինչևէ, այսօր իմ ամենասիրած տեսակի տոնն է, ու ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր ուսանողներին /հատկապես ԺՈՂ-ի/, ովքեր իրենց մեջ բացահայտում են ճշմարտությունն ու պայքարում այդ ճշմարտության մեջ՝ անսահման ազատություն գտնելու համար։
Եղե՛ք այդպիսին կյանքի բոլոր տարիներին՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ մարտահրավերներ կթակեն ձեր դուռը։
Հարգանքներով՝ հոգով ուսանող և ուսանողի տեսակի սիրահար, հավերժ ձեր ընկեր ու բարեկամ:

Տնօրենի ողջույնի խոսքը՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Արարչագործության ամենաառեղծվածային տեսակը կինն է իր անճառելի հմայքով, ուստի մեր առաքելության մի մասն է դառնում բացահայտել նրան, լինել հոգատար և ստանձնել լիակատար պատասխանատվություն։
Շնորհավոր սիրելի մայրեր, քույրեր և տիկնայք…
«Բայց կինն առանց մարդու և մարդն առանց կնոջ չկան ի Տեր. որովհետև, ինչպես որ կինը մարդուց է, այնպես և մարդը` կնոջ միջոցով, և ամեն ինչ` Աստծուց» (Ա Կորնթ. 11.11-12):

Նորություններ