ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է ներքին դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է նպաստել բուհի նորարար զարգացմանը օգտագործելով պրոֆեսորադասախոսական, վարչական աշխատակիցների և ուսանողների ստեղծարար ներուժը:
Դրամաշնորհին դիմողները պետք է առաջարկեն ստեղծարար գաղափարներ հետևյալ գերակա ուղղություններով՝
- Բուհի ներքին և արտաքին միջավայրի բարելավում, ձևափոխում,
- Ուսանողների համար մոտիվացիոն համակարգերի մշակում,
- Դասախոսների համար մոտիվացիոն համակարգերի մշակում,
- Վարչական աշխատակիցների համար մոտիվացիոն համակարգերի մշակում,
- Կրթության որակի բարելավում,
- Կառավարման համակարգի բարելավում,
- Ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալուն միտված գործողությունների մշակում:
Մրցույթի հայտ կարելի է ներկայացնել միայն խմբային տարբերակով՝ նվազագույնը 3 հոգի հետևյալ սկզբունքով՝
- Տնօրինության և/կամ Պրոֆեսորադասախոսական կազմից անդամ և/կամ Վարչական աշխատակից,
- Ուսանող/ներ/՝ 12 և ավելի ՄՈԳ ունեցող:
Խումբը կարող է առաջարկվող ուղղություններից ընտրել մեկը կամ մի քանիսը ելնելով իրեն հետաքրքրած թեմայից ու մշակել այդ գաղափարի իրականացմանն ուղղված գործողությունների պլան, հաստատված ձևաչափի միջոցով այն ներկայացնել մրցութային հանձնաժողովին: Նախագծերի բուհում կիրառման հնավորությունը և իրատեսականությունը հաստատվում է նախագծին առնչվող համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ երաշխավորագիր-նամակի միջոցով: Մրցույթում հաղթելու է ամենակրեատիվ ու հետաքրքիր գաղափարներ առաջարկած խումբը, որին տրվելու են բոլոր հնարավորությունները՝ նյութական և ոչ նյութական, գաղափարը կյանքի կոչելու համար:
Խմբերն իրենց կողմից մշակված գաղափարները կարող են ուղարկել [email protected] էլ.հասցեին,մինչև մարտի 10-ը, որոնք ուսումնասիրվելու են նախապես ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից:
Հայտերից ընտրվելու են ամենակրեատիվ ու հետաքրքիր գաղափարները, որոնց կյանքի կոչման համար բուհը աջակցություն է ցուցաբերելու: