ՀՊՏՀ ԳՄ դասախոսը Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցի Մագդալենա Յեսիլ այցելու պրոֆեսոր։

Ինչպե՞ս ստացաք հրավեր և ի՞նչը մոտիվացրեց Ձեզ մասնակցելու ծրագրին։

Ծրագիրը նախատեսված էր Հայաստանի հետազոտողների համար, հայտարարության տարածումից հետո կապ հաստատեցի ծրագրի համակարգողի հետ՝ ուղարկելով հետազոտական առաջարկը, հրապարակումներիս ցուցակը և ինքնակենսագրականս, որից հետո կազմակերպվեց տեսազանգ՝ Դպրոցի Ակադեմիական գրագիտության և հաղորդակցությունների ղեկավար Դ․ Ստորելիի հետ, որից մեկ շաբաթ անց ստացա պաշտոնական հրավեր-առաջարկը՝ Սենֆորդի հանրային քաղաքականության դպրոցի դեկան Յուդիթ Քելիի կողմից։

Այցը նախատեսվում էր 2023թ սեպտեմբերին, որից ստիպված էի հրաժարվել։

Դեկտեմբեր ամսին ստացա ևս մեկ հրավեր, որն ընդունեցի և համապատասխան մասնագետների հետ միասին սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, որոնք, եթե անկեղծ, այնքան խրթին էին, որ պարբերաբար ունենում էի հետքայլի ցանկություն, որը, բարեբախտաբար կարողացա հաղթահարել (ժպտում է)։

Հե՞շտ հարմարվեցիք։

Ոչ։ Շա՜տ դժվար է լինել հարազատներից, ընկերներից մի օվկիանոսաՉափ հեռու, մենակ։ Ավելի դժվար է այլ հայի չհանդիպելը։ Ուրախ էի, երբ նահանգի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի շնորհիվ ծանոթացա իմ Ամերիկյան ընտանիքի հետ, որի հետ մտերմացա և կապվեցի և իրենց շնորհիվ կարողացա հաղթահարել մենակությունը։
Հյուսիսային Կառոլինայում ունենք հրաշալի հայկական համայնք, (ցավոք ոչ մեր քաղաքում) Հայ Առաքելական եկեղեցի։ Հայակական համայնքի կողմից պարբերաբար կազամակերպվում են հանդիպումներ՝ կապի հաստատման և ամրապնդման նպատակով։ Հնարավորություն ունեցա մասնակցելու նաև այս ջերմ հանդիպումներից մեկին։

Ինչպե՞ս կնկարագրեք Դյուկի համալսարանը և կրթությունը Դյուկում։

Համալսարանը շատ սիրեցի։

Ընդամենը մեկդարյա պատմություն ունի, բայց հասցրել է դառնալ աշխարհի լավագույն 26-րդ համալսարանը։ Ունի հսկայական տարածք, զարգացած ենթակառուցվածներ, խիստ կանոնակարգում, իրականացնում է տարբեր տեսակի հետազոտություններ, այդ թվում՝ ուղեղի, կլինիկական, արհեստական բանականության և այլ ուղղություններով։

Համալսարանականների կողմից ջերմ ընդունելության արժանացա։ Առաջին շաբաթների  ընթացքում տարբեր ուղղությունների աշխատակիցների հետ փաստաթղթային հարցերի կարգավորման նպատակով հանդիպումներ էի ունենում և հաճելիորեն զարմանում՝ տարբեր գործընթացների արագ և առանց լրացուցիչ, արհեստական բարդությունների իրականացման վրա։ Իսկ համակարգողները խիստ հետևողական և ուշադիր էին․ յուրաքանչյուր շաբաթ հանդիպում-քննարկումներ էինք կազմակերպում՝ ինչպես բուն հետազոտությանն, այնպես էլ այցի, կեցության, հնարավոր խնդիրների վերաբերյալ։

Այցի և հետաոտության ընթացքում հանդիպումներ եմ ունեցել ամենատարբեր կառույցների, մասնագիտությունների, պաշտոնների ներկայացուցիչների հետ, զրուցել կրթական համակարգերի տարբություններից, կրթության կազմակերպման առանձնահատկություններից, երբեմն նույնիսկ սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման հեռանկարներից։

Ինչպիսի՞ն էր հետազոտության ընթացքը, Ինչպիսի՞ համագործակցություններ եք ունեցել այս թեմայի ուսումնասիրության ընթացքում:

Հետազոտության իրականացման ընթացքում հասկացա, որ ժամկետը չափազանց սեղմ է՝ ավարտուն վերլուծություն իրականացնելու համար։

Գիտական խորհրդատուիս հետ ընտրեցի հետազոտության 3 մեթոդ՝ իրավիճակային վերլուծություններ, հարցազրույցներ և հարցումներ։

Յուրաքանչյուր շաբաթ հանդիպումներ էի ունենում ինչպես դեկանի, այնպես էլ տարբեր օղակների ղեկավար կազմի և ծրագրի համակարգողների հետ, որի ընթացքում փորձում էինք հստակեցնել հետազոտության առկա վիճակը, խնդիրները, առաջիկա քայլերը։

Արդյունքների, հաշվետվությունների ներկայացման պահանջ որպես այդպիսին չեմ ունեցել, սակայն որոշեցինք կազմակերպել նախնական արդյունքների բաց ներկայացում-քննարկում՝ հիբրիային ձևաչափով։

Հետազոտության շրջանականերում կապ եմ հաստատել և տարբեր ձևաչափերում շփվել եմ ավելի քան 25 ինչպես ակադեմիական, այնպես էլ տեխնոլոգիական, գիտական և հետազոտական ոլորտների կառույցների ներկայացուցիչների հետ (այցեր, տեսազանգեր, հարցումներ)։

Նախատեսու՞մ եք արդյոք կիարառել հետազոտության արդյունքները, կամ ամերիկյան համալսարանական փորձը։

Հետազոտությունը նախատեսում եմ շարունակել, քանի որ փորձերի վերլուծության ընթացքում, ցավոք, հնարավորություն չունեցա ներառելու հայկական համալսարաններին։ Տեսակոնֆերանս-քննարկում ունեցա ԵՊՀ-ի Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ պարոն Մարգարովի հետ։ նախատեսում եմ հարցազրույցներ անցկացնե նաև այլ համալսարանների ներկայացուցիչների հետ, հնարավոր է նաև, որ կկիրառեմ հետազոտության այլ մեթոդ՝ արդյունքների հավաստիության բարելավման նպատակով։ Հուսով եմ, շուտով կկարողանամ ներկայացնել։

Իսկ համալսարանական փորձի ներկայացման և կիրառման հստակ քայլերի վերաբերյալ դեռ չեմ կարող խոսել, երևի ժամանակ է անհրաժեշտ 😀

 

Կա՞ն դեպքեր/իրավիճակներ, որոնք ամենաշատն են տպավորվել։

Օ՜, չեք հավատա։ Ես էլ, Դյուկի ներկայացուցիչներն էլ, բոլոր տեղեկացողերն էլ չէին հավատում։ ԱՄՆ գնալը ստացվեց երեք անգամից։ Ունեցել եմ մեկ չեղարկված, մեկ հետաձգված թռիչք։ Գիշերվա՝ լուսաբացին մոտ ժամին օդանավակայան հասնելու երրորդ փորձի ընթացքում արդեն մտածում էի, որ եթե այս անգամ էլ չեղավ, չեմ գնա։ Երրորդ անգամից ստացվեց։

Վերադարձն էլ անցնցում չէր։

Իրավիճակները շատ են, տպավորություններն երևի անմոռանալի։ Կուտակված մասնագիտական և կյանքի փորձը՝ ահռելի։

Նորություններ