Շաբաթ օրը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում նորարար գաղափարների իսկական հրավառություն էր:
«Կրթություն-բիզնես միջավայր» համագործակցության հարթակը կազմակերպել էր առաջին միջոցառումը` «Think and Talk» խորագրով, որին մասնակցում էին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի, Գյումրու 4-րդ արհեստագործական պետական ուսումնարանի, Գյումրու պետական տեխնիկական քոլեջի և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի 20 ստարտափ գաղափարներով զինված ու հարթակով հետաքրքրված երիտասարդներ:
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ԳՄ ԶԾԳՈԱԱԿ բաժնի պետ Ղարիբ Հարությունյանը, ով մանրամասնեց հարթակի ստեղծման նպատակները, առաջնահերթություններն ու կարևորությունը: Այնուհետև Annaniks ընկերության հիմնադիր Աղասի Գյուրջօղլյանն ու ITSpace կրթական կենտրոնի հիմնադիր Կարեն Գասպարյանը խոսեցին գաղափարների գեներացման, ստարտափերի հիմնման սկզբունքներից, ներկայացրեցին ինչպես համաշխարհային հնչողություն ունեցող ստարտափերի օրինակներ, այնպես էլ խոսեցին սեփական հաջողված ստարտափերի մասին:
Գաղափարների գեներացման մասին զրույցները գործնական հարթակ տեղափոխվեցին այն ժամանակ, երբ մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի ու սկսեցին աշխատել սեփական գաղափարները քարտեզագրելու ուղղությամբ:
Յուրաքանչյուր ուսանողական թիմին միացավ մեկ մենթոր: Հայկուհի Հովհաննիսյանը, Լիլիթ Բրոյանը, Աղասի Գյուրջօղլյանն ու Կարեն Գասպարյանը օգնեցին մասնակիցներին գաղափարների գեներացման ու քարտեզագրման ճիշտ մեթոդների ընտրության հարցերում:
Մինչ մասնակիցները թեժ քննարկումներ էին ունենում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ԶԾԳՈԱԱԿ բաժնի պետ Ղարիբ Հարությունյանն ու ԶԾԳՈԱԱԿ բաժնի զարգացման ծրագրերի և գիտության մասնագետ Մարինե Ավետիսյանը մեզ հետ կարճ զրույց ունեցան, որի ընթացքում պատմեցին միջոցառմանը նախորդած աշխատանքների ու հարթակի հեռահար նպատակների մասին:
«ՀՊՏՀ ԳՄ նախաձեռնությամբ ստեղծվեց «Կրթություն-բիզնես միջավայր» համագործակցության հարթակը, որը միավորեց Շիրակի մարզում գործող թվով 14 միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու պետական կառույցների: Արդեն մի քանի ամիս է ինչ հարթակը աշխատանքներ է իրականցնում Գյումրիում սատարտի զարգացման կայուն էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում այցեր իրականացվեցին Շիրակի մարզի տարբեր ուսումնական հաստատություններում ու բուհերում, որոնց մասնակցում էին ստարտափ էկոհամակարգով հետաքրքրված աշակերտներ ու ուսանողներ: Բոլոր այցերի ընթացքում մասնակիցները մեծ հետաքրքրություն էին դրսևորում հարթակի և Գյումրիում ստարտափ գաղափարների զարգացման ուղղությամբ»,-պատմեց Մարինե Ավետիսյանը:
Ղարիբ Հարությունյանն էլ ընդգծեց, թե որքանով է կարևոր կրթական ու բիզնես ոլորտների ակտիվ համագործակցութունն ու այն որքանով կնպաստի երկու ոլորտների կայուն զարգացմանը:
«Այս հարթակը լուրջ հնարավորություն է երիտասարդների համար, որը նպատակ ունի նպաստել երիտասարդների շրջանում գաղափարների զարգացմանը, կրթական ու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Հարթակի միջոցով ուսանողները հնարավորություն ունեն ինքնակրթվելու, շփվելու ստեղծարար մտածողություն ունեցող այլ երիտասարդների, ոլորտում փորձառություն ունեցող ստարտափերի հիմնադիրների ու ի վերջո, սեփական գաղափարը վերածել բիզնեսի: Մեզ համար առաջնահերթություն է Շիրակի մարզում զարգացնել ստարտափ էկոհամակարգը՝ արդյունավետ օգտագործելով մարզի երիտասարդության հզոր ստեղծագործական ներուժը»,- նշեց Ղարիբ Հարությունյանը:
Միջոցառման ավարտին 4 թիմերը ներկայացրեցին իրենց գաղափարները, որոնք բոլորն էլ աչքի ընկան իրենց նորարարությամբ ու տեխնոլոգիական հետաքրքրիր լուծումներով:
Հունվար ամսից մեկնարկելու է ստարտափերի հիմնադրմանը վերաբերող խորացված դասընթացներ, որոնք հաջողությամբ ավարտած ուսանողերին հնարավորություն կտրվի մուտք գործել շուկա ու հանդես գալ սեփական ստարտափով: