ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ամփոփվեց «Օգնական 6» ծրագիրը: Սա մի ծրագիր է, որ ներդրվել է բուհական կրթությունը աշխատաշուկային կապելու համար և առաջին իսկ րոպեից սիրվել է ուսաողների կողմից: Բազմիցս լսել ու առնչվել էինք այն խնդրին, որ ուսանողները կտրված են աշխատաշուկայից և ունեն գործնական գիտելիքների պակաս և որ ուսումնառության ընթացքում 1-2 պրակտիկան բավարար չէ ուսանողի գործնական հմտությունները զարգացնելու համար:
Այդ իսկ պատճառով մենք նախաձեռնեցինք «Օգնական» ծրագիրը, որի նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել պրակտիկ ունակություններ կազմակերպության կառավարման ոլորտում՝ ներգրավվելով որպես ղեկավարի օգնական:
Այսօր մասնաճյուղում ամփոփեցինք «Օգնական 6» ծրագիրը, որին մասնակցել էին 71 ուսանողներ` «օգնելով» 21 կազմակերպությունների ղեկավարներին: Գործընկերները ընդգծեցին ծրագրի արդյունավետությունը` նշելով, որ թափուր աշխատատեղերի առկայության դեպքում առաջնահերթությունը տալիս են «օգնականներին»։Շնորհակալություն ենք հայտնում մեր համագործակից կազմակերպություններին մեր ուսանողների հմտությունների զարգացման գործում իրենց ներդրումը ունենալու համար: