ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը և Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով, որը նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, այն տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 21-23-ին։
Գիտաժողովն ընդգրկելու է երկրաշարժից տուժած տարածաշրջանների հետերկրաշարժյան զարգացման տարբեր սցենարների վերլուծություններ, որոնք հնարավորություն կստեղծեն միջազգային փորձի համեմատության միջոցով բացահայտել զարգացման հաջողված փորձը և ՀՀ-ում կիրառման հնարավորությունները: Ուսումնասիրվելու է նաև երկրաշարժի հետևանքով առաջացած սոցիալ տնտեսական իրավիճակը, իրականացվելու է զարգացման ներուժի գնահատում, արդյունավետ օգտագործման հնարավորությունների բացահայտում:
Գիտաժողովի հիմնական նպատակն է՝ վերլուծել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտել հիմնախնդիրները, առաջարկել լուծման հնարավորություններ, կատարել զարգացման արդյունավետության գնահատում։ Գիտական հոդվածները պետք է ներկայացվեն հետևյալ ոլորտներում՝
- Ժողովրդագրություն և սոցիալական հիմնախնդիրներ
- Արդյունաբերություն
- Երկրաֆիզիկա և սեյսմակայուն շինարարություն
- Գյուղատնտեսություն
- Զբոսաշրջություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Ֆինանասաբանկային ոլորտ
- Ծառայություններ և առևտուր
- Կրթություն և գիտություն
- Հանրային կառավարում
Ելնելով առաջադրված նպատակից, անհրաժեշտ է ուսումնասիրել լուծում պահանջող մի շարք խնդիրներ, մասնավորապես`
- գնահատել մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, վերլուծել առկա հիմնախնդիրները և բացահայտել դրանց պատճառահետևանքային կապը երկրաշարժի հետ,
- գնահատել մարզի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների մակարդակը, ցույց տալ դրանց պահպանման, շահագործման և զարգացման հնարավորությունները հեռանկարում,
- կատարել մարզի սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծություն և մատնանշել ներուժային ոլորտի զարգացման ուղղությունները:
- բացահայտել բնակչության զբաղվածության աստիճանը, աշխատուժի առաջարկը և պահանջարկը, գործազրկությանը նպաստող գործոնները, երկրաշարժի ազդեցությունը գործազրկության վրա:
- բացահայտել երկրաշարժի հետևանքով առաջացած այն գործոնները, որոնք ազդում են բնակչության բնական վերարտադրության և միգրացիայի վրա:
- Գնահատել մարզի ներդրումային գրավչությունը պայմանավորող գործոնները և դիտարկել դրանց բարելավման ուղիները:
- կատարված հետազոտությունների վերլուծության արդյունքում բացահայտված հիմնախնդիրների վերացման ուղղությամբ կատարել գիտականորեն հիմնավորված առաջարկություններ` ուղղված մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Մասնակիցներ
Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ և արտերկրի գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցները, բուհ-երի պրոֆեսորադասախոսական անձնակազմը, հետազոտողներ, ասպիրանտներ, հայցորդներ:
Գիտաժողովին ներկայացված աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին.
- հայերենը՝ Sylfaen, անգլերեն և ռուսերենը՝ Times New Roman տառատեսակով (տառաչափը՝ 12, տողային հեռավորությունը՝ 1.5, ձախից՝ 3 սմ, աջից՝ 1.5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքից՝ 2 սմ, հղումները՝ տեքստում, հոդվածի վերնագիրը՝ մեծատառերով, 12 տառաչափով):
- Տողի կենտրոնում շեղատառերով տպել հոդվածի վերնագիրը, որից 2 տողաչափ ներքև՝ հեղինակի ազգանունն ու անունը, գիտական աստիճանը և կոչումը, հաջորդ տողում՝ կազմակերպության անվանումը, իսկ 2 տողաչափ ներքև տեքստը` 1 սմ խորքից պարբերությամբ։
- Առանձնացնել հիմնաբառեր, վերջում` հայերեն, անգլերեն և ռուսերեն ամփոփում:
- Վերոնշյալ չափանիշներով տեքստը չպետք է գերազանցի 10 էջ ծավալը:
- Գիտական հոդվածը պետք է երաշխավորված լինի տպագրության համապատասխան գիտական ստորաբաժանման կողմից:
- Պարունակի սպառիչ տեղեկություններ հեղինակ(ներ)ի մասին (ազգանուն, անուն, հայրանուն, գիտական աստիճան, կոչում, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար):
Հայերեն և ռուսերեն հոդվածները տպագրելու է բուհը, իսկ ռուսերենը՝ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը:
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի հոկտեմբերի 5-ը:
Գիտական և տեխնիկական պահանջներին չբավարարելու դեպքում հոդվածը չի տպագրվում և հեղինակին այդ մասին տեղեկացվում է 7 օրվա ընթացքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության և արտաքին կապերի բաժին` [email protected]:
ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության և արտաքին կապերի բաժին: