«Բարձրագույն կրթության դերը տնտեսության մեջ ու հասարակությունում» այս խորագրով 10-րդ ռուսական բարձրագույն կրթության միջազգային գիտաժողովը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-25-ը՝ Մոսկվայում, որին մասնակցում էին ավելի քան 400 հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային 10 պատվիրակների ներկայությունն ապահովել էր «Россотрудничество» դաշնային գործակալությունը՝ մասնակիցներին ընտրելով մրցութային կարգով: Հայաստանից գիտաժողովին մասնակցում էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Ղարիբ Հարությունյանը, ով մեզ հետ զրուցեց գիտաժողովի կարևորության, արդյունքների ու հայաստանյան բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների մասին:
«Բարձրագույն կրթության դերը տնտեսությունում ու հասարակության մեջ ուսումնասիրել ենք գլոբալ, ազգային ու տեղական կոնտեքստներում: Քննարկել ենք կրթության դերը տնտեսական աճի, ինչպես նաև անհատի ու կայուն համայքների,հասարակությունում հավասարության, բազմազանության և ներառականության ձևավորման գործոններում: Ունեցել ենք 16 թեմատիկ նստաշրջաններ ու 10 կլոր-սեղան քննարկումներ, որոնց ընթացքում իրենց փորձով են կիսվել Մեծ Բրիտանիայի՝ մասնավորապես Օքսֆորդի համալսարանի, ԱՄՆ-ի, Մակեդոնիայի, Հնդկաստանի, Ռուսաստանի և այլ երկրների առաջատար համալսարանների ներկայացուցիչներ: Սեսիոն քննարկումների ընթացքում ներկայացրել եմ նաև մեր երկրի, մասնավորապես մեր համալսարանի փորձը»,-խոսքում նշեց Ղարիբ Հարությունյանը:
Ներկայացված խնդիրներն ու լուծման ուղիները, թե ինչպես համալսարանները դարձնել գիտելիք ու հստակ շուկայական արտադրանք ստեղծող կառույցներ բավականին կիրառական են մեր երկրի համար: Այս ամենը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոսը պատրաստվում է ամփոփել ու ներկայացնել ոչ միայն պրոֆեսորադասախոսական անձնակազմին, այլ նաև ոլորտով հետաքրքրված այլ անձնանց:
«Այն փորձառությունը, որը ներկայացրեցին՝ նույն թվային տեխնոլոգիաների կիրառումը կրթական ոլորտում, կամ համալսարանների զարգացման ռազմավարությունները, թե ինչպես են դիրքավորվում որպես համալսարան, ինչպես են համագործակցում գործատուների բավականին կիրառելի է մեր երկրի ու համալսարանի համար»,-խոսքը եզրափակեց Ղարիբ Հարությունյանը: