ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ իրականացնում է հետազոտական աշխատանքների մրցույթ, որը նպատակ ունի խրախուսելու սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողներին՝ զարգացնելու հետազոտական գործնական հմտություններն ու նպաստել վարձավճարի փոխհատուցմանը:
Մրցույթի դիմորդ ուսանողներն իրականացնելու են Հայաստանի Հանրապետության կամ Շիրակի մարզի զարգացման հիմնախնդիրների լուծմանն ուղղված մասնագիտական թեմատիկ հետազոտություն՝ դասախոսի գիտական ղեկավարությամբ:
Մրցույթին մասնակցել ցանկացող սոցիալապես անապահովության որևէ չափանիշի բավարարող ուսանողները պետք է.
- Ընտրեն Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական որևէ հիմնախնդրի ուսումնասիրությանն ուղղված հետազոտության թեմա
- Ձեռք բերեն պայմանավորվածություն բուհի որևէ դասախոսի հետ՝ հետազոտության թեմայի գիտական ղեկավարության վերաբերյալ
- Լրացնեն առցանց հայտադիմումը
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը ս.թ. մարտի 25-ն է:
Դիմորդների բարձր առաջադիմությունն ու հասարակական ակտիվությունը կդիտվի որպես առավելություն: Հասարակական ակտիվությունը հավաստող փաստաթուղթ է համարվում տեղեկանքը բուհի ուսանողական խորհրդից կամ հասարակական կազմակերպությունից, որտեղ ուսանողը կամավոր է:
Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված մրցույթի հայտերի ընդունման գործընթացն իրականացվելու է բացառապես առցանց՝ վերը նշված հայտադիմումի լրացմամբ, իսկ կից փաստաթղթերը (առկայության դեպքում) կարող եք ուղարկել [email protected] էլ–փասցեին:
ՀՊՏՀ ԳՄ զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման, ու արտաքին կապերի բաժնի կողմից հայտի ընդունման վերաբերյալ մրցույթի մասնակիցները կստանան ծանուցում:
Ծանուցումն ստանալուց հետո հետազոտական աշխատանքի ամբողջական հաշվետվությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 25-ը:
Ներկայացված աշխատանքներն ուսումնասիրելու է մրցութային հանձնաժողովը՝ ներկայացվող հաշվետվության ու հետազոտության ներկայացման հիման վրա:
Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև ս.թ. մայիսի 5-ը:
Մրցույթի պայմաններին համապատասխանող լավագույն երեք աշխատանքների հեղինակ ուսանողների՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի վարձավճարը կփոխհատուցվի 200.000 ՀՀ դրամի չափով, ևս 14 հետազոտությունների հեղինակներինը՝ 100,000 ՀՀ դրամի չափով:
Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել ԶԾԳՈԱԱԿ բաժին՝ +374 77 29 44 00 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ. փոստին: