Լիլիթ Առաքելյանը պատմում է իր այն երազանքի մասին, որը բարձրաձայնել է, չհավատալով, որ մի օր այն կարող է իրականություն դառնալ: Պատմում է մինչ այս երազանքների չէր հավատում: Արդեն 8 տարի է ապրում է 3 անչափահաս երեխաների հետ մի բնակարանում, որտեղ դռներին փոխարինել են ծածկոցները, պատերի ու առաստաղի ճեղքերը փակում է ստվարաթղթերով, իսկ այն սվարաթղթերը, որոնք արդեն անզոր են քամու դեմ պայքարում, հայտնվում են հին փայտի վառարանում, որտեղ վաղուց փայտ չի եղել:
Այսօր արդեն վառարանին ու գազաբալոնին, որը ամեն ամիս ստիպված էր լիցքավորել ու 9 հարկ ոտքով բարձրացնել` հրաժեշտ տվեցին:
Կապույտ վառելիքն Առաքելյանների տուն մտավ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի անձնակազմի, ուսանողների աջակցությամբ ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման ու գազամատակարարման Շիրակի մասնաճյուղի օպերատիվ աշխատանքի արդյունքում:
Ամանորյա նվերերն այսքանով չեն սահմանափակվում: Տան փոքրիկ անդամների համար էլ այլ անակնկալներ կային: Դեկտեմբերի 30-ին ՀՊՏՀ ԳՄ աշխատակիցների հետ Առաքելյաններին հյուրընկալվեցին նաև World Vision Armeni-ի աշխատակիցները` նոր գրասեղաններով, աթոռներով ու գրենական պիտույքներով, Hermani խանութ-սրահն իր տարբերվող աքսեսուարներով, իսկ տոնական օրերը փոքրիկներն անցկացնելու են մասնաճյուղի դասախոսների նվիրված գրքերի հերոսների հետ:
Լիլիթն արդեն հավատում է, որ երազանքներն իրականություն դառնալու սովորություն ունեն: Փոքրիկները մայրիկից առաջ անցնելով պատմեցին իրենց երազանքների ու այն մասին, թե ինչ կցանկանային նվեր ստանալ արդեն հաջորդ ամանորին, իսկ զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժին վարիչ Ղարիբ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն այսուհետ ընտանիքի հոգաբարձուն է ու երեխաների ցանկություններն իրականություն կդառնան ավելի վաղ: