«Ուսանողական շաբաթվա» 5-րդ օրը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում նորություններով ու նոր սկզբով առանձնացավ:
Բացվեցին «O-zone» և «Smartup» ստարտափերը: Միջոցառումը համախմբել ու մասնաճյուղում էր հյուրընկալել տարբեր բուհերի, քոլեջների ուսանողների և դպրոցականների: Դահլիճում հյուրերին նախ ողջունեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն ու Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ Ղարիբ Հարությունյանը, այնուհետև իրենց գաղափարների, դրանց զարգացման ու արդեն կյանքի կոչման մասին խոսեցին ստարտափերի հիմնադիրները:
«O-zone»-ի գաղափարը ծնվեց մեկ տարի առաջ, երբ առաջին կուրսեցիները մասնաճյուղի տնօրենին ասեցին, որ ուզում են բուհում Business case ունենալ: Առաջարկում էին համալսարանում ունենալ փոքր բիզնես նախագիծ, որը հնարավորություն կտար բիզնեսը «շոշափել» ու հասկանալ դրա գործնական կողմը:
Տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի հետ քննարկման արդյունքում որոշվեց, որ կուրսը կունենա բիզնես խորհրդատու, ով կլինի կուրսի մենթորը ծրագրի բիզնես պլանը կազմելու ու ներկայացնելու համար:
Ժամանակի ընթացքում նախաձեռնողականությունը ոչ թե մարեց, այլ զարգացավ և դարձավ մեծ ու հագեցած ծրագիր, կյանքի կոչվեց ՀՊՏՀ ԳՄ֊ի և «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ և դարձավ Հայաստանում առաջինը, որ մուտք գործեց բուհ։
«O-zone»-ը կամ «Opportunity Zone»-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է ուսանողների նախաձեռնությամբ` արտաժամյա ժամանցի, փորձի ձեռքբերման, փոխանակման ու գիտելիքները կիրառելու նպատակով։
Այժմ բուհն ու Շիրակի մարզի երիտասարդությունն ունեն 5 տարբեր հնարավորությունների գոտիներ:
Գոտի 1 – Գաղափարների գեներացման կամ «դոլարի գոտի». գաղափարներ գեներացնելու համար տրվում է ընտրություն՝ երկու առաջադրանքների միջև (ըստ վերնագրերի), իսկ առաջադրանքները տրվում են «Վաշինգտոնի նամակի» միջոցով, այսինքն՝ Ջորջ Վաշինգտոնի կողմից հասցեագրված նամակով տրվում է առաջադրանքը, ինչպես նաև խորհուրդներ՝ արդյունավետ աշխատանքի համար:
Գոտի 2– Ընթերցելու կամ հանգիստ միջավայրում աշխատելու գոտի. այստեղ գիրքը մատուցվում է անվճար սուրճով կամ թեյով:
Գոտի 3– TEDx-ի կամ ներկայացումների գոտի. յուրաքանչյուրը կարող է ներկայացումներ անցկացնել ցանկացած թեմայով և վարձատրվել:
Գոտի 4 -Կինո-գոտի:
Գոտի 5 – Խոհանոցային գոտի. այստեղ ուտեստներ պատրաստում են նաև ուսանողները: Սնունդը ունի թղթե փաթեթավորում` հնարավոր է վայելել տեղում կամ վերցնել փաթեթավորմամբ : Մատուցման հետաքրքիր եղանակ է «1 գրամը՝ 2 դրամ» ծրագիրը, որը թույլ է տալիս պատրաստել օրինակ՝ սեփական բուրգերը, կշռել և վճարել գրամի դիմաց:
Օրն անակնկալներով հարուստ էր ոչ միայն երիտասարդների, նաև բիզնեսում սկսնակների համար:
ՀՊՏՀ ԳՄ հաջորդ ստարտափի աշխատանքներն ուղղված են այս սեգմենտին: Մասնաճյուղի ուսանողուհի Տաթև Ղազարյանն իր ընկերների հետ պատրաստ է օգնել ու խորհրդատվություն տալ սկսնակներին` ֆինանսների, մարքեթինգի, բիզնեսի կառավարման ոլորտներում:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին ու մաղթում հագեցած ու արդյունավետ աշխատանքային գործընթաց: