Փորձաշրջան, աշխատանքային պայմաններ, պայմանագիր և այսպես շարունակ: Հարցեր, որ մտահոգում են յուրաքանչյուրին՝ արդեն իսկ աշխատողներից մինչև նոր աշխատանքային շուկա մուտք գործողներ: Այս հարցերի պատասխաններն այսօր ուսանողները ստացան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի նոր նախաձեռնության՝ «Հաշվապահական լաբիրինթոսի» շրջանակներում:
Նախաձեռնությունն իրենից ենթադրում է 5 սեմինարների շարք, որոնք անցկացնելու են ոլորտի առաջատար մասնագետները: Դասընթացի ավարտից հետո այն ուսանողներն, ովքեր մասնակցել են բոլոր հանդիպում-սեմինարներին ստանալու են հավաստագրեր, որը ոչ միայն հավաստումն է լինելու ուսանողի նոր գիտելիքների ու հմտությունների, այլ նաև հնարավորություն է տալու ստանալ մի շարք արտոնություններ բուհի կողմից:
Հավաստագիր ունեցող ուսանողը ստանալու է արտոնություն բուհի կողմից տրամադրվող ուսանողական կրթաթոշակի մրցույթում, համաբուհական գործնական այցերին մասնակցելիս, ինչպես նաև այն դիտարկվելու է ակադեմիական ակտիվություն:
Շարքի մեկնարկը տվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, դասախոս Արմենուհի Մինասյանը «Եղի՛ր քո աշխատանքային իրավունքների տերը…» թեմայով: Սեմինարին մասնակցում էին ոչ միայն հաշվապահությամբ հետաքրքրված ուսանողները, աշխատանքային իրավունքները հետաքրքրել էր շատերին: Մոտ երկու ժամ տևած սեմինարն ավարտվեց հարցերի տեղատարափով ու առաջարկով շարքին ավելացնել ևս մեկ սեմինար:
Արմենուհի Մինասյանն ունենալու է լրացուցիչ ևս մեկ սեմինար ու շարունակելու է ներկայացնել աշխատանքային օրենսգիրքն արդեն դեկտեմբերի 20-ին նույն ժամին ու նույն վայրում՝ 13:30, ՀՊՏՀ ԳՄ 204 լսարան: