Գյումրին միացել է Startup Grind համաշխարհային ցանցին

Գյումրին միացել է աշխարհում ամենամեծ ստարտափ համայնքին՝ Startup Grind-ին, որը միավորում է աշխարհի ավելի քան 2 մլն ձեռներեցների աշխարհի 125 երկրներում։

Startup Grind-ը ստեղծվել է 2010թ. Սիլիկոնյան հովտում: Մի քանի ամսվա ընթացքում այն տարածվել է 50-ից ավելի քաղաքներում: 2013-ից Startup Grind-ն աջակցություն է ստանում Google for Startups նախագծից:

Ինչպես ցանցի մյուս քաղաքներում, Գյումրիում ևս կազմակերպվելու են միջոցառումներ, որտեղ ներկայանալու են տարբեր ընկերությունների, ստարտափերի ղեկավարներ ու ներկայացուցիչներ: Նրանք պատմելու են ստարտափերի գաղափարի առաջացումից մինչև կայացում`վերելքների, վայրէջքների, հիասթափության ու կամքի ուժի մասին:

Startup Grind-ի Գյումրիի ենթամասը հիմնադրել է ՀՊՏՀ ԳՄ դասախոս Հայկուհի Հովհաննիսյանը, ով աշխատում է նաև Teach for Armenia-ում որպես նորարարությունների գծով ղեկավար, հիմնադրել է reTrend.me ստարտափը, նրա  գաղափարին միացել է մասնաճյուղն ևս:

Առաջին միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 23-ին ուսանողական շաբաթվա վերջին օրը` եզրափակելով նաև համաշխարհային ձեռնարկատիրական շաբաթը: Startup Grind Gyumri-ի առաջին հյուրը gg-ի գործադիր տնօրեն Քնարիկ Գրիգորյանն էր: Մինչ անցնելը զրույցին, նախ զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման  և արտաքին կապերի բաժնի պետ Ղարիբ Հարությունյանն ու Հայկուհի Հովհաննիսյանը  ներկաների հետ կիսվեցին ցանցին միանալու գաղափարի, ֆորմատի ու նպատակի մասին:

«Startup Grind-ը Գյումրի բերելու նպատակը Գյումրիում եղած երիտասարդական ձեռնարկատիրական  պոտենցիալի իրացումն է և քաղաքում հաջողված ստարտափեր ունենալը տեսլականը: Դրան հասնելու Startup Grind-ի  Գյումրիի ենթամասի ուղին ծանոթություններ հաստատելու համար միջոցառումների կազմակերպումն է, պանելային քննարկումներն ու դասընթացները, որոնք թույլ կտան մի հարկի տակ հավաքել հետաքրքրվող անձանց’ ստեղծելով ստարտափ համայնք, որի ներսում կձևավորվեն թիմեր, կծնվեն գաղափարներ ու հաջողված ստարտափեր: Արդեն հաջողված ստարտափերի պատմությունները ներկայացնելով հույս ունենք, որ դրանք կմոտիվացնեն ու կոգեշնչեն երիտասարդներին»,-ասաց Հայկուհի Հովհաննիսյանը:

Ղարիբ Հարությունյանի կարծիքով Startup Grind-ի մուտքը Գյումրի կարող է դառնալ ստարտափ էկոհամակարգի ստեղծման նախադրյալ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան զարգացնել իրենց գաղափարները, կրթություն ստանալ, նաև ինքնակրթվել ու գաղափարը վերածել բիզնեսի: Քայլեր արդեն այդ ուղղությամբ արել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը, ասվածի լավագույն օրինակներն էլ, ընդամենը մեկ օր առաջ բացված ստարտափերն են, որոնց բուհը տրամադրել է ընդամենը տարածք և խորհրդատվություն, ևս մեկ ստարտափ բացվելու է արդեն տնտեսագիտական վարժարանի աշակերտների հետ համագործակցության արդյունքում:

Բուհը համագործակցում ու գաղափարի շուրջն է փորձում միավորել նաև  մարզի մյուս համալսարաններին ու քոլեջներին:

«Համալսարանը միացավ այս նախաձեռնությանը, քանի որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առաջնահերթություն է իր համար առանձնացրել` քաղաքում և մարզում զարգացնել ստարտափերի շարժումը և երիտասարդական այն ներուժը, որ կա դարձնել իրականություն, ձեռներեցություն ու ստարտափ: Բուհը միշտ լինելու է այս շարժման կողքին, մեզ համար այն սոցիալական պատասխանատվություն է, որովհետև լինելով համալսարան, որն ունի որոշակի պոտենցիալ ձեռնարկատիրության զարգացման առումով, այդ պոտենցիալը հարկավոր է օգտագործել ի նպաստ երիտասարդների և ի նպաստ այսպիսի շարժումների»,-խոսքը եզրափակեց Ղարիբ Հարությունյանը:

Միջոցառումն ընթացավ զրույցի ու ակտիվ հարց ու պատասխանի ֆորմատով, իրենց ակտիվությամբ առանձնացան ապագա տնտեսագետները` տնտեսագիտական վարժարանի աշակերտները, որոնց ստարտափ պատմությանը շուտով ականատես կլինենք:

Նորություններ