Գիտական ներբուհական դրամաշնորհ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը, հիմք ընդունելով մասնաճյուղային գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, հայտարարում է  2020 թվականի գիտական ներբուհական դրամաշնորհների տրամադրման մրցույթ։

Դրամաշնորհի նպատակներն են՝

  • Հիմնարար և կիրառական գիտելիքները զարգացնելու ունակ, գիտամանկավարժական աշխատակիցների լիարժեք ներգրավումը գիտական գործունեության մեջ,
  • Գիտահետազոտական աշխատանքների արդյունքների լիարժեք և արդյունավետ կիրառումը կրթական գործընթացում, մասնաճյուղի գիտական ներուժի մեծացման և ազգային տնտեսության զարգացման հիմնախնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում,
  • Արդյունավետ աջակցություն գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը և պրոֆեսորադասախոսական կազմի գիտական որակավորման բարձրացմանը,
  • Ասպիրանտների և ուսանողների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներում,
  • Մասնաճյուղի աշխատակիցների, ասպիրանտների, ուսանողների կողմից ներկայացվող հայտերի նախապատրաստման փորձի ու հմտությունների  կուտակումը արտաքին մրցույթներին մասնակցելու համար:

 

Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ուղղությունների՝

  1. Գիտությունների դոկտորի կամ թեկնածուի ղեկավարությամբ գիտական խմբի կողմից կատարվող գիտահետազոտական նախագծի ֆինանսավորման ստացման հայտ՝ կատարվում է գիտնականների ստեղծագործական խմբի կողմից (դրամաշնորհի առավելագույն չափը երեք մլն ՀՀ դրամ),
  2. Դասախոսի ղեկավարությամբ և մինչև չորս ասպիրանտի կամ ուսանողի մասնակցությամբ ստեղծագործական խմբի կողմից կատարվող գիտահետազոտական նախագծի ֆինանսավորման ստացման հայտ (դրամաշնորհի առավելագույն չափը՝մեկ մլն դրամ),
  3. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամների անհատական, գիտական նորույթ պարունակող, արդիական թեմաներով հետազոտությունների իրականացման համար ֆինանսավորման ստացման հայտ (դրամաշնորհի առավելագույն չափը մեկ մլն դրամ),
  4. Ասպիրանտների և հայցորդների  անհատական, գիտական նորույթ պարունակող, արդիական թեմաներով հետազոտությունների իրականացման համար ֆինանսավորման ստացման հայտ (ասպիրանտի/հայցորդի կողմից ֆինանսավորման ստացման հայտը չպետք է լինի իր  թեկնածուական ատենախոսության թեմայի շրջանակում), (դրամաշնորհի առավելագույն չափը՝ կես մլն դրամ):

 

Դրամաշնորհային մրցույթի թեմաների գերակա ոլորտներն են՝

  1. Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները
  2. Բարձրագույն կրթության զարգացման հիմնախնդիրները Շիրակի մարզում
  3. Շիրակի մարզի ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրները
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնախնդիրները Շիրակի մարզում
  5. Այլ

 

Դրամաշնորհային ծրագրերը պետք է մեկնարկեն 2020թ-ի ապրիլի 2-ից։

Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել խմբային կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են մասնաճյուղի հաստիքային աշխատակիցների կողմից՝ պայմանով, որ ղեկավարը և նախագծի բոլոր կատարողները մասնաճյուղի աշխատակիցներ են, ասպիրանտներ, կամ ուսանողներ:

 

Յուրաքանչյուր նախագծում կարող է լինել մեկ ղեկավար: Նախագծի ցանկացած մասնակից չի  կարող  հանդես գալ որպես ղեկավար կամ կատարող որևէ այլ հայտում:

 

Հայտը պետք է ուղարկել էլ․ տարբերակով [email protected] հասցեով՝  նամակի թեմա դաշտում գրելով «Գիտական դրամաշնորհների մրցույթ 2020», իսկ հայտի տպագիր տարբերակը խմբի ղեկավարի կողմից պետք է հանձնվի մասնաճյուղի Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման և արտաքին կապերի բաժին (մրցույթի մասնակցության ամբողջական հայտը կցված է սույն հայտարարությանը):

Գիտահետազոտական նախագծերի կատարման մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 16-ը: 

Մրցույթի հայտի ձևաչափին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նորություններ