Սիլիկոնյան հովտում սովորելու բացառիկ հնարավորություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ) հանդես է գալիս բացառիկ նախաձեռնությամբ ու  ՀՀ Կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ է տրամադրում հայ երիտասարդներին՝ սովորելու Սիլիկոնյան հովտում:
7 շաբաթ տևողությամբ դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում, որն իր ընտրյալ ուսանողների ու համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսների շնորհիվ անվանում են նաև Հերոսների համալսարան։ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։
ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։
 Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար,  որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին և պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ։
Դիմելու  համար պետք է անցնել հետևյալ հղումով՝ https://www.draperuniversity.com/apply:
Լավագույններին ընտրելու են Դրեյփերի համալսարանի և ԲՏԱՆ կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները:

Նորություններ