Ամեն ինչ սահմանի համար․ՀՊՏՀ ԳՄ զինվորի կողքին

Մենք ապրում ենք աշխարհագրական այնպիսի տարածքում, այնպիսի հարևանների կողքին, որտեղ ամեն վայրկյան հարկավոր է զգոն ու համախմբված լինել: Հենց կիրակի օրը, երբ արդեն լուրեր տարածվեցին սահմանում տիրող իրավիճակի մասին բուհի ուսանողները շատ արագ ինքնակազմակերպվեցին:

Բուհի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվեց «ՀՊՏՀ ԳՄ ուսանողական աջակցության կենտրոն» ֆեյսբուքյան խումբը, որի նպատակն է ուսանողներին ներկայացնել բոլոր հնարավոր աջակցության ձևերը, ինչպես նաև իրավիճակային ուսանողական նախաձեռնությունները։

Ուսանողական աջակցության խումբը գործում է մարզային կենտրոնների հետ համաձայնեցված, հետևապես մշտապես տեղեկացված են տվյալ պահին առկա առաջնային կարիքների մասին, և մեր ռեսուրսները փորձում ենք օգտագործել առավել կարևոր ուղղություններով։

Առաջին միջոցառումը, որ իրականացրեցին արյան դոնոր դառնալու պատրաստակամությունն էր, որին միացան բուհի ուսանողների մեծ մասը, այն ուսանողները, ովքեր համապատասխանում էին բոլոր չափորոշիչներին արյուն հանձնեցին:

Հաջորդ նախաձեռնությամբ ուսանողներն ու բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմը միացան հայտարարված դրամահավաքին:

Մյուս նախաձեռնությունն արդեն կապված էր պարենի, սննդամթերքի և դեղորայքի հավաքագրման հետ, հավաքագրված փաթեթներն ուղարկվեցին աջակցության մարզային կենտրոններ։

Նախաձեռնությունները ամենուրեք են: Բուհի ուսանողները մասնակցում են նաև կամավորական աշխատանքների՝ մարզային և քաղաքային տարբեր կենտրոններում։ ՀՊՏՀ ԳՄ տարբեր կուրսերի տասնյակից ավելի ուսանողներ արդեն կամավորագրվել են ու գնացել սահման։

ՀՊՏՀ ԳՄ ուսանողական աջակցման կենտրոնի կազմակերպիչները պատմեցին, որ կազմակերպել են նաև  առաջին բուժօգնության պրակտիկ դասընթացներ՝ արտակարգ իրավիճակներում ուսանողների բարձր պատրաստվածության համար։

ՀՊՏՀ ԳՄ ուսանողներն ու աշխատակիցները համարում են, որ յուրաքանչյուր աջակցություն, անկախ չափսերից կամ իրականացման ձևից, կենսական կարևորություն ունի մեր հայրենիքի հիմքերի ամրապնդման համար, քանի որ այն առաջին հերթին ամրացնում է հայ ժողովրդի միասնությունը։

Նորություններ