Երևանյան շոգից հետո հով ու լուսավոր սենյակում մի գծով շարված «խնայող խոզուկ» խաղալիքներ: Ահա այն, ինչի հանդիպեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներն ու դասախոսը, երբ մտան ՎՏԲ-Հայաստան բանկի նիստերի սենյակ, երևանյան շոգի չափ ջերմ ընդունելությունից և գունավոր փուչիկների ու լիքը երեխաների արանքից անցնելով: Խառն ենք, հա՛: Իսկ հիմա պատմենք:
Մեր 2-3 կուրսի ուսանողները «Մարդկային ռեսուրսների կառավարում» առարկայի շրջանակներում այցելել էին ՎՏԲ Հայաստան բանկի գլխամաս՝ Անձնակազմի կառավարման վարչություն:
Պրակտիկ մասնագետներ ու պրակտիկ փորձ: Ահա սա այն է, ինչի պետք է տեսնի ուսանողը, մասնակցի և ձեռք բերի: Նմանատիպ այցելությունները ուսանողներին հնարավորություն են տալիս տեսնել իրենց գիտելիքներն իրացնելու տեղն ու դրանց անհրաժեշտությունը: Մենք կարծում ենք, որ այս գործնական պարապմունքներն ուսանողների համար իրենց մասնագիտությունը կարևորելու, դրանում խորանալու, որոլտում աշխատելու և պահանջված մասնագետ դառնալու խթան են հանդիսանում: Մի բառով սա կոչում ենք մոտիվացիա:
Հաջողված ու արդյունավետ համագործակցություն ստացվեց ինչը շարունակական լինելու միտում ունի: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել բուհի և բանկի հետագա համագործակցության հետ կապված, ինչը վերաբերում է.
- բանկում ուսանողների պրակտիկայի անցկացման հնարավորություններին,
- փորձի փոխանակման դասընթացների կազմակերպմանը,
- բանկի կրթական ծրագրերում մեր ուսանողների ընդգրկվելու հնարավորություներին:
Այլևս կարող ենք վստահորեն փաստել, որ հաջողված բիզնեսները կարևորում են բուհերի դերն իրենց իսկ բիզնեսի զարգացման գործում:
Շնորհակալություն ենք հայտնում բանկի տնօրինությանը հյուրընկալության համար, հատկապես՝ Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանին իր մոտեցման ու թիմին հետաքրքիր դասընթացների համար:
Շնորհակալ ենք նաև մեր դասախոս Հասմիկ Հակոբյանին նախաձեռնության համար:
Հ.Գ. Իսկ թե ինչ կապ ունեին երեխաներն ու փուչիկները բանկի գլխամասի հետ, ասենք… Կազմակերպությունը հունիսի 1-ի առիթով հայտարարել էր «աշխատանքի օր երեխաների հետ»: Մենք հաղորդ դարձանք կորպորատիվ մշակույթի դրսևորումներից մեկին ևս: