1997թ. մայիսի 30-ին ՀՀ Կառավարության 131-րդ որոշման համաձայն`Շիրակի մարզի Գյումրի քաղաքում բացվեց Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի մասնաճյուղը, որն հետագայում սկսեց կոչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ:
Գործունեության սկզբում բուհն ուներ մեկ ֆակուլտետ` երկու մասնագիտություններով՝ «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ»:
Հետագա զարգացումների շնորհիվ 2004-2005 ուսումնական տարում բուհում ավելացավ ևս մեկ մասնագիտություն՝ «Բիզնեսի կազմակերպում», որը 2008-2009թթ. վերակազմակերպվեց «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ, իսկ 2009-2010 ուստարում ավելացան «Կառավարում» և «Միջազգային տնտեսական հարաբերություններ» բաժինները:
2005թ. մայիսից բուհում սկսեց գործել մագիստրատուրա՝ առկա և հեռակա ուսուցմամբ:
Եթե 1997-1998 ուստարում մասնաճյուղում սովորում էր 34 ուսանող, ապա այժմ շնորհիվ մասնաճյուղի գիտամանկավարժական ներուժի, ՀՀ առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ մասնագետների և մասնաճյուղի նյութատեխնիկական հագեցվածության՝ սովորում են 400-ից ավելի ուսանողներ:
Համալսարանի համար կարևոր ձեռքբերում էր 2550 քմ համալսարանի նոր մասնաշենքը, որը բացվեց 2009թ. հոկտեմբերին: Մասնաշենքի կառուցումը նոր հնարավորություններ և բարենպաստ պայամաններ ընձեռեց ուսանողների համար կրթական գործընթացն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար:
Փոխադարձ օգնության և աջակցության կապեր հաստատվեցին ոչ միայն նախկին ԽՍՀՄ, այլև Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի բազմաթիվ տնտեսագիտական հաստատությունների հետ:
Մասնաճյուղի դասախոսներն իրենց արժանի ներդրումն ունեցան և այժմ էլ ունեն տնտեսագիտությանն առնչվող տարբեր ոլորտներում:
Բուհում այժմ գործում են հետևյալ բաժինները՝«Մարքեթինգ», «Կառավարում», «Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բակալավրում ։
2020-2021 ուստարում մագիստրատուրայի կրթական ծրագրով գործում է 5 մասնագիտություն.
- բանկային գործունեության կազմակերպում-1,5 տարի (երեկոյան),
- հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)-1,5 տարի (երեկոյան),
- գործարար վարչարարություն/կառավարում-1,5 տարի (երեկոյան),
- մաքսային վարչարարություն-1,5 տարի (երեկոյան),
- մարքեթինգային հետազոտություններ-2 տարի (ցերեկային)։