1 օր ՀՊՏՀ ԳՄ-ում՝ աշակերտը ուսանողի կարգավիճակում, ուսանողական շաբաթվա շրջանակներում

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի «Ուսանողական շաբաթվա» երրորդ օրը նվիրված էր ապագա ուսանողներին, այցը սկիզբ դրեց նաև ՀՊՏՀ ԳՄ նոր ծրագրին՝ «1 օր ՀՊՏՀ ԳՄ-ում», որի շրջանակներում պարբերաբար մասնաճյուղում են հյուրընկալվելու ոչ միայն տնտեսագիտական կողմնորոշում ունեցող աշակերտները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հաղորդակցվել ուսանողական կյանքի հետ, մասնակցել լրացուցիչ դասերի ու ձեռք բերել գիտելիքներ:

«Ուսանողական շաբաթվա» և «1 օր ՀՊՏՀ ԳՄ-ում» ծրագրերի շրջանակներում առաջին դպրոցը, որ բուհում հյուրընկալվեց Գյումրու 18-րդ դպրոցի 11 և 12-րդ դասարանի աշակերտներն էին:

Աշակերտներին դահլիճում դիմավորեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանն ու խորհուրդ տվեց մասնագիտություն ընտրելիս լինել ազատ ու զբաղվել այն գործով, որը սիրում են:

Դահլիճում ՀՊՏՀ ԳՄ գիտական քարտուղար-տնօրենի օգնական Արփինե Սարգսյանը ներկայացրեց ՀՊՏՀ ԳՄ վերջին տարիների ձեռքբերումներն ու այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են աշակերտին ընդունվելով ՀՊՏՀ ԳՄ:

Այնուհետև սկսվեց աշակերտների շրջայցը բուհում: Առաջին կանգառը գրադարանում էր, որտեղ ծանոթացան գրականությանը, ցանկություն հայտեցին օգտվել գրադարանից և զարմացան, որ գրադարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ ուսանող չլինելու պարագայում էլ հնարավոր է գալ ու օգտվել գրադարանից:

Շարունակելով շրջայցը աշակերտները հյուրընկալվեցին ֆինանսատնտեսական բաժնում, որտեղ Արմենուհի Մինասյանը՝ աշակերտներին գործնականում ցույց տվեց, թե ինչպես են աշխատակիցներին ընդունում աշխատանքի, գրանցում տվյալները: Յուրաքանչյուր աշակերտ մեկ հոգու «ընդունեց» աշխատանքի, մի քանի րոպեով դառնալով հաշվապահ:

Աշխատանքի թեման շարունակելով Արմինե Վարոսյանը աշակերտներին ներկայացրեց, թե ինչ պայմաններով կարող են աշխատել մինչև 18 տարեկան անձինք և թե  ինչ իրավունքներ ունեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկատվությունից հետո հարկավոր էր մի քիչ լիցքաթափվել, որը ապահովեց ՀՊՏՀ ԳՄ ֆիզիկական դաստիարկության  դասախոս Սերոբ Արշակյանը դինամիկ երաժշտությամբ ու սպորտային վարժություններով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդմիջումից հետո աշակերտներն արդեն մտան ուսանողի դերի մեջ՝ դեկանատում ծանոթացան ուսանողի իրավունք-պարտականություններին ու շտապեցին դասի: Դասը վարեց ՀՊՏՀ ԳՄ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գայանե Սալնազարյանը: Իհարկե այն 80 րոպե չտևեց, բայց աշակերտները տեսան, թե ինչպես է բուհում ընթանում դասապրոցեսը, նաև սովորեցին ինչպես ներդրումներ անել ու խնայողություններ կատարել:

Նույն սրահում արտաքին կապերի մասնագետ Ռայա Հարությունյանը ներկայացրեց, թե բուհը ինչ կառույցների հետ է համագործակցում և թե ինչպես է հնարավոր կրթությունը շարունակել արտերկրում՝ դառնալով ՀՊՏՀ ԳՄ ուսանող:

 

Շրջայցն ավարտեց նոր ուսանողական ժամանցի կենտրոնում՝ «Օզոնում», որտեղ աշակերտներին ՀՊՏՀ ԳՄ  2-րդ կուրսի ուսանող Հակոբ Հակոբյանը ներկայացրեց, ինչպես է հնարավոր արդեն երկրորդ կուրսում ստեղծել բիզնես-քեյս ու հնարավորությունների գոտիներ ստեղծել երիտասարդների համար:

 

Աշակերտները շուրջ 2 ժամ բուհում անցկացնելուց հետո խոստացան, ոչ միայն այցելել «Օզոն», այլ ևս մեկ անգամ հյուրընկալվել բուհում, նույնիսկ առաջարկեցին մասնաճյուղում ներդնել պրակտիկայի կամ կամավորության որևէ ծրագիր, որտեղ կներգրավեն նաև աշակերտները:

Նորություններ