ՀՊՏՀ ԳՄ, որպես հոգաբարձու Առաքելյանների ընտանիքին տրամադրել է համակարգիչ և ինտերնետ հասանելիություն

Կրթություն բոլորի համար…Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իր հոգաբարձության տակ գտնվող Առաքելյանների ընտանիքին տրամադրել է համակարգիչ և ինտերնետ հասանելիություն:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր ուսումնական հաստատություններն ուսումնական գործընթացը տեղափոխել են առցանց տիրույթ, սակայն Շիրակի մարզի շատ անապահով ընտանիքների աշակերտներ ուղղակի դուրս են մնում կրթական գործընթացից ինտերնետի կամ տեխնոլոգիաների բացակայության պատճառով:

 

Պաշտոնական տվյալներով մարզում կա 13,442 անապահով ընտանիքներ:

Առաքելյանների ընտանիքի սոցիալական վիճակի մասին բուհի տնօրինությանը տեղեկացրել է դասախոսներից մեկը՝ Հերմինե Հակոբյանն ու առաջարկել հոգաբարձության ներքո վերցնել ընտանիքին:

«Ընտանիքի մասին տեղեկանալուց հետո, մենք որոշեցինք տնայց կատարել ու դրա արդյունքում որպես մեր սոցիալական պատասխանատվություն՝ վերցնել ընտանիքի  հոգաբարձությունը»,-ասաց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը:

Ընտանիքի մայրը՝ Լիլիթ Առաքելյանն արդեն 8 տարի է ապրում է 3 անչափահաս երեխաների հետ  մի բնակարանում, որտեղ դռներին փոխարինել են ծածկոցները, պատերի ու առաստաղի ճեղքերը փակում է ստվարաթղթերով, իսկ այն սվարաթղթերը, որոնք արդեն անզոր են  քամու դեմ պայքարում, հայտնվում են հին փայտի վառարանում, որտեղ վաղուց փայտ չի եղել:

Մասնաճյուղի անձնակազմի, ուսանողների աջակցությամբ ու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման ու գազամատակարարման Շիրակի մասնաճյուղի օպերատիվ աշխատանքի արդյունքում ընտանիքն ամանորը դիմավորել է գազաֆիկացված բնակարանում:

Այս շրջանում, երբ երկրում արտակարգ դրություն է հայտարարված ու ուսուցումը դարձել է առցանց, ընտանիքը հայտնվել էր անելանելի վիճակում՝ մեկ հեռախոսով երեք դպրոցական չէր կարող դաս անել:

Համակարգիչն ու ինտերնետը կօգնեն դասերից հետ չմնալ ու կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար: Հենց այս նպատակն ունի բուհի տնօրինությունը:

Նախաձեռնությունը կոչ է մարզում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու անապահով ընտանիքների ու հոգաբարձության ինստիտուտի զարգացմանը:

Նորություններ