Բացվեց Հայաստանում առաջին հանրային QR գրադարանը

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանրային QR գրադարանի բացում, որից կարող են օգտվել ոչ միայն մասնաճյուղի ուսանողները, այլ նաեւ տնտեսագիտությամբ ու հարակից ոլորտներով հետաքրքրված անձինք առանց որեւէ սահմանափակման։ Ի տարբերություն ավանդական գրադարանների, այստեղ հարկավոր չէ գրանցվել, անձնագիր ներկայացնել, բավական է միայն մուտք գործել սրահ, ընտրել գիրքն ու սկանավորել պատին փակցված համապատասխան QR կոդը: Սրահում կա բաց ինտերնետ հասանելիություն, պլանշետներ ու ստեղծված է հարմարավետ միջավայր ընթերցանության համար:

Գրադարանն իր տեսակի մեջ եզակի է, որտեղ հին գրքերին փոխարինելու են գալիս QR կոդերն ու նորագույն տեխնոլոգիականները՝ ապահովելով արդիական գրականություն։

Նախաձեռնությունը նաեւ նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների միջոցով երիտասարդներին հաղորդ դարձնել արդի գրականությանն ու ստեղծել միջավայր, որը կնպաստի ընթերցանությանը։ Գրադարանի ստեղծումն ինչ-որ չափով կակտիվացնի նաև տեղի բնակիչների կյանքը՝ ապահովելով նրանց հաճելի ժամանցն ու ինքնակրթությունը, քանի որ թաղամասը ծայրամասային է, կենտրոնական ու մարզային գրադարանները գտնվում են քաղաքի կենտրոնում:

                                     

Բացման միջոցառման ընթացքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը նշեց, որ այժմ գրադարանում կա 8 բաժին, յուրաքանչյուրում մոտ 100 մասնագիտական գիրք, սակայն նախատեսվում է անընդհատ ավելացնել գրականության քանակն ու ուղղվածությունը՝ ներառելով նաև գեղարվեստական արդի գրականություն:

                                 

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջունեց մասնաճյուղի նախաձեռնողականությունն ու հույս հայտնեց, որ ուսանողները կսկսեն ավելի շատ կարդալ, իսկ ստացված գիտելիքները կուղորդեն մարզի ու հանրապետության տնտեսության զարգացմանը:

                                   

Միջոցառումից հետո Դիանա Գալոյանը շրջայց ունեցավ բուհում, ծանոթացավ ենթակառուցվածքային փոփոխություններին ու զարգացումներին, կարճ հանդիպում ունեցավ նաև առաջին ուսանողական ստարտափի O-zone-ի հիմնադիրների հետ, ովքեր համավարակով պայմանավորված սահմանափակումների ու օնլայն դասպրոցեսից հետո նախատեսում են նոր թափով սկսել աշխատանքներն ու ակտիվացնել Գյումրու երիտասարդական կյանքը:

 

Նորություններ