ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը դիմորդների թվով մարզում առաջատարն է

Հունիսի 15-ին ավարտվեց առկա բակալավրիատի ընդունելության առաջին փուլը։ Նախորդ տարվա 1723-ի համեմատությամբ այս տարի, Շիրակի մարզում դպրոցն ավարտեց 1671 աշակերտ։  Չնայած այն  հանգամանքին, որ այս տարի շրջանավարտների թիվը նվազել է 3%-ով, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դիմորդների քանակն աճել  է 53%-ով։

Նախորդ տարվա 67 դիմորդի նկատմամբ այս տարի մասնաճյուղը ստացել է  103 առցանց դիմում-հայտ։ Պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությամբ այս տարի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ հնարավոր է ընդունվել  ոչ թե 3, այլ 1քննությամբ։ ՀՊՏՀ ԳՄ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ղարիբ Հարությունյանը դիմորդների թվի աճը միայն այս հանգամանքով չի պայմանավորում։

«Այս իմաստով, եթե դիտարկենք, 1 քննության առավելությունը բոլոր բուհերն են ստացել , և բազմիցս նշել եմ, որ 1քննությունով ընդունվելն ունի մասնակի բացասական ազդեցություն, քանի որ հնարավոր չէ ստուգել դիմորդների ամբողջական գիտելիքները, բայց սա հնարավորություն է տվել  մրցակցության մեջ դնելու բուհերին, այսինքն շրջանավարտն իր ընտրությունը կատարում  է հենվելով կրթության որակի վրա։  Ես կարծում եմ, որ այս թվերը խոսում են կրթության որակի բարձրացման մասին, այսինքն այն բուհը, որտեղ ըստ դիմորդի ապահովվում է բարձր որակ,նույն  1 քննությամբ ընտրում են այդ բուհը:

Մեզ մոտ վարձավճարն ավելի է քանի մյուս նմանատիպ մասնագիտություններ առաջարկող բուհերում, բայց մենք առավելություն ունենք այն իմաստով, որ բուհ ընտրում են կրթության որակից դուրս գալով, այսինքն դիմորդներն ուսումնասիրել են մինչ այս բուհի գործունեությունը և պատրաստ են նույնիսկ մի քիչ ավելի վարձավճար վճարել , բայց դիմել այս բուհ, սովորել այս բուհում»։

Բուհը մարզում բացարձակ առաջատարն է  նաև տնտեսագիտական մասնագիտությունների դիմորդների քանակով։ Եթե նույն կամ  նմանատիպ մասնագիտություններ առաջարկող բուհերի դիմորդների թիվը չի հասնում մեկ տասնյակի, ապա ՀՊՏՀ ԳՄ «Կառավարում» մասնագիտության գծով 53 լիցենզիոն տեղի համար առկա է 46 դիմում-հայտ, «Ֆինանսներ» մասնագիտության 53 լիցենզիոն տեղի համար ստացվել  է  40, իսկ «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությամբ ստացվել են 17 դիմում-հայտեր։

Տնտեսագիտական մասնագիտություններ ընտրած դիմորդների թիվն ըստ բուհերի

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ այս տարվա ընդունելության գործընթացն իրականացվել է առցանց՝ հատուկ դիմորդների համար բացված առցանց հայտագրման համակարգով։ Ընդամենը մուտք գործելով dimord.am կայք պարզ է դառնում, որ բուհը բացարձակ առաջատարն է, այն պարագայում, երբ մարզում գործունեություն ծավալով բարձրագույն ուսումնական հաստատությունների համեմատությամբ ամենաքիչ, ընդամենը  3 մասնագիտությունների գծով է հայտարարել ընդունելություն, բայց ստացել է 103 դիմում-հայտ։

Դիմում-հայտերի քանակն ըստ Շիրակի մարզի բուհերի

Դիմորդների քանակով ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրիատի մասնագիտությունները զիջում են միայն ՇՊՀ «Ֆիզիկական դաստիարկություն և սպորտային մարզումներ» մասնագիտությանը, որտեղ դիմորդների քանակը 86 է, մնացած բուհերում ու  ոչ մի մասնագիտություն չունի 46 կամ նույնիսկ 40 դիմորդ։

Սա գործընթացի վերջնական պատկերը չէ։ Առջևում են միասնական քննությունները։ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ ընդունվելու համար դիմորդները քննություն պետք է հանձնեն հուլիսի 6-ին՝ «Մաթեմատիկա»  առարկայից։

Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատումից հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները և այն համալսարանների հայտատուները, որտեղ դիմորդների քիչ թվի պատճառով բաժիններ չեն բացվի,  կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ն:

Նորություններ